Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք նախագահ Վահագն Խաչատուրեանի նամակը՝ ուղղուած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին.-
Երեւան, 7 սեպտեմբեր 2022թ.
Վեհափառ Տեր,
Ընդունեք խնդրեմ, իմ անկեղծ եւ ջերմ շնորհավորանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Բարձր եմ գնահատում Ձեր բազմամյա անձնվեր գործունեությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում՝ ի նպաստ միջեկեղեցական համերաշխության։ Դուք մեծ հեղինակություն եք վայելում Ձեր էկումենիկ ծառայության շնորհիվ՝ հանդիսանալով մի շարք աստվածաբանական եւ միջեկեղեցական կազմակերպությունների ու հանձնախմբերի անդամ։
Առանձնահատուկ արժեւորում եմ Ձեր հետեւողական ջանքերը՝ ուղղված հոգեւոր արժեքների, ազգային ավանդույթների, լեզվի եւ մշակույթի պահպանման սուրբ գործին։ Ձեր ընտրությունը պայմանավորված է նաեւ Հայ եկեղեցու միջազգային ճանաչելիությանը միտված Ձեր տեսլականով։ Հետաքրքրությամբ ընթերցեցի ինձ ուղարկված Ձեր գրքերը, որտեղ ամփոփված են անձնական հուշեր եւ կարեւոր ուղերձներ։ Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ, որ եկեղեցին հայ մշակույթի ծննդավայրն է՝ առանցքային դերակատարումով հայ մշակույթի բոլոր դրսեւորումները խթանելու, հարստացնելու եւ պաշտպանելու գործում։
Մաղթում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, քաջառողջություն եւ արեւշատություն Ձեր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին։
Խորին հարգանքով՝
ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ