8 September, 2022

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԷ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ

Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) 11-րդ համաժողովի ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընտրուեցաւ Ե.Հ.Խ.ի նախագահ՝ ներկայացնելով Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիները եւ Միջին Արեւելքը։
 
Այս առիթով, Վեհափառ Հայրապետը շնորհաւորութիւններ ստացաւ ազգային եւ օտար շրջանակներէ՝ գրաւոր թէ հեռաձայնով։ Ստորեւ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի շնորհաւորական գիրը՝ ուղղուած Նորին Ս. Օծութեան.-
 
Վեհափառ Տեր,
 
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում եմ Ձեզ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
 
Արցախում մեծ ուրախությամբ ու ակնածանքով ընդունեցինք այդ բաղձալի լուրը և վստահ ենք, որ Ե.Հ.Խ. կենտրոնական և գործադիր վարչությունների ատենապետի պաշտոնում ծավալած Ձեր երկարամյա բեղմնավոր գործունեությունը, հարուստ փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն միջեկեղեցական կապերի խորացմանն ու զարգացմանը, հոգևոր և մարդասիրական արժեքների տարածմանն ու ամրապնդմանը, խաղաղության ու համերաշխության հաստատմանը համայն աշխարհում: Թող ամենազոր Աստված պահապան լինի Ձեզ Ձեր աստվածահաճո ու կարևոր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:
 
Ձեր իմաստուն խոսքով ու գործով Դուք միշտ եղել եք Արցախի կողքին, ըստ ամենայնի սատարել ու նեցուկ եք եղել մեր հավատավոր ժողովրդին, ինչի համար անչափ շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:
 
Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները: Խաղաղություն, արևշատություն ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին:
 
Խորին հարգանքով’
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ