News

Միաբաններ Առաքելութեան մէջ

20 October 2014

Թւականիս սեպտ. 7-ի երեկոյեան Հայկաշէնում մեկնարկեց մէկշաբաթեայ համագումար Թեհրանի հայոց դպրոցների կրօնի եւ կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչ-ուսուցչուհիների մասնակցութեամբ:
Համագումարը կազմակերպւել էր Միջեկեղեցական հրատարակութեան գրասենեակը՝ հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի: Համագումարի մասնակցելու նպատակով Լիբանանից հրաւիրւել էր դպրեվանքի տեսուչ Տ. Թորգոմ վրդ. Տօնոյեանը եւս: Առիթը պատեհ համարելով՝ մէկշաբաթեայ համագումարից յետոյ հարցազրոյց ենք ունեցել դպրեվանքի տեսուչ Թորգոմ վրդ. Տօնոյեանի հետ: Զրոյցի ընթացքում նա բացատրութիւններ է փոխանցել դպրեվանքում ծաւալւող աշխատանքների եւ 85-ամեակի առիթով կազմակերպւելիք միջոցառումների մասին:

Հ.- Հայր Տօնոյեան, կը խնդրեմ հակիրճ պատմական տւեալներ փոխանցէք դպրեվանքի մասին:
Պ.- Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքը մինչեւ 1915 թ.-ը գտնւում էր Կիլիկիոյ կաթողիկոսութեան մայրաքաղաք Սիսի մէջ: 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանութեան օրերին մեր մէկուկէս միլիոն հայ նահատանկների շարքում էին նաեւ մեծ թւով հոգեւորականներ, պղծւեցին մեր բազմաթիւ սրբութիւններ եւս: 1915 թ.-ին Մեծ Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իր հայրապետով եւ քանի միաբան հայրերով դուրս դրւեց պատմական Կիլիկիա քաղաքից եւ 1930 թ.-ին 15 տարիների թափառումից յետոյ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը եւ դպրեվանքը հաստատւեցին Անթիլիասի մէջ՝ Լիբանան: Դպրեվանքը հաստատւած է 1930 թ.-ին: Դպրեվանքի ոգեղէն ճարտարապետներն են՝ Սահակ Խաբայեան կաթողիկոսը, Բաբգէն աթոռակից կաթողիկոսը եւ Շահէ եպս. Գասպարեանը:
Երեք տիպար հոգեւորականներ միասնաբար ձեռք-ձեռքի տւած կարողացան մէկ այլ երկրի մէջ հիմնել դպրեվանքը, որը պէտք է մեր ժողովրդին տար հոգեւոր դաստիարակներ, պիտի դաստիարակէր ուսուցիչներ, մտաւորականներ եւ ազգային գործիչներ: 1930 թ.-ից մինչեւ 1978 թ.-ը դպրեվանքը գործեց Անթիլիասի մէջ, պարբերաբար որոշ շրջան բարձրացաւ Բիքֆայա եւ Ս. Աստւածածին վանքի մէջ ունեցաւ կրթական կարճ ժամանակաշրջան:
1978 թ.-ից սկսեալ դպրեվանքը մնայուն գտնւում է Բիքֆայայի Ս. Աստւածածին վանքի մէջ եւ մենք պատրաստւում ենք 2015 թւականին նշել դպրեվանքի վերածննդեան 85-րդ ամեակը:

Հ.- Ի՞նչ կասէք դպրեվանքի կրթական ծրագրերի վերաբերեալ:
Պ.- Դպրեվանքը որպէս վանք, որպէս դպրոց, որպէս կրթական մէկ ամբողջութիւն է: Դպրեվանքի մէջ հոգեւոր սնունդ ստանալու կողքին մեր աշակերտները կը ստանան նաեւ մտաւոր զարգացում եւ ոգեղէն կրթութեամբ նրանք կրթւում են որպէս պատանիներ եւ պատրաստւում են դառնալու տիպար հոգեւորականներ կամ աշխարհիկ ազգային գործիչներ: Դպրեվանքի մէջ դասաւանդւում են զանազան նիւթեր:
Դպրեվանքի ուսումնական շրջանը երկու բաժիններ ունի. առաջինը ժառանգաւորաց բաժին, որտեղ ուսանողները սովորում են գիտական նիւթեր, լեզւական նիւթեր, հայոց պատմութիւն եւ Հայաստանի աշխարհագրութիւն:
Երկրորդ բաժինը կոչում ենք ընծայարան, որտեղ դպրեվանքի ուսանողները սովորում են աստւածաբանական նիւթեր, անցնում են հայերէնագիտական դասընթացներ, պատմական դասընթացներ սովորում են հասարակագիտական-եկեղեցագիտական նիւթեր եւ 22-ից 25 առարկաներ են սովորում այդ բաժնում:
Դպրեվանքի ուսանող կարող է դառնալ 12 տարեկանը լրացրած պատանին, երբ աւարտել է 6-րդ դասարանը: Մեր դռները բաց են իւրաքանչիւր հայ ուսանողի դիմաց, որը պատրաստ է իրեն զգալ դպրեվանցի եւ դպրեվանքի մէջ որպէս գիշերօթիկ ուսանելու, զարգանալու եւ այդտեղ մնալու, որպէսզի պատրաստւի ապագայ ծառայութեան: Դպրեվանքի ուսանող կարող են դառնալ բոլոր աւելի մեծ տարիքով ուսանողներ, որոնք պատրաստակամութիւն են յայտնում ուսանել եւ դառնալ հոգեւորական:

Հ.- Նշւելու է դպրեվանքի 85-ամեակը: Ինչ կասէք այդ մասին:
Պ.- Գտնւում ենք դպրեվանքի 85-ամեակի սեմին: Դպրեվանքը ոգեղէն տաճար է, ինչպէս մեր հայրապետներն են ասել՝ դպրեվանքը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան սիրտն է եւ բանաստեղծի բառերը փոխառնելով՝ մեր հայրապետները միշտ հետեւեալ ձեւով են բնութագրել դպրեվանքը՝ տաճար հրաշագործ, վսեմ ձուլարան, ուր կապարն հոսի, նիւթը հոգի դառնայ:
Իրապէս, դպրեվանքը հանդիսանում է այն ոգեղէն կառոյցը, ուր ուսանողներ, աշակերտներ, երիտասարդներ, այդտեղից անցնելով, մարդակերտման բովից են անցել: Այդտեղ գտնւող մեր ուսուցիչները, հոգեւորական թէ աշխարհական ծաղկազարդել են նրանց հոգիները:
85-ամեակի սեմին մենք պատրաստւում ենք զանազան ձեռնարկներ կազմակերպել. մտածում ենք մի շարք հրատարակութիւններ իրականացնել, տեսահոլովակներ պատրաստել, որպէսզի դպրեվանքի կեանքը, առօրեան եւ պատմութիւնը դարձնենք մեր ժողովրդի սեփականութիւնը:
Պէտք է աւելացնեմ, որ դպրեվանքը վայելում է անմիջական հովանաւորութիւնը եւ հսկողութիւնը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի:
Վեհափառ Հայրապետի հսկողութեան ներքոյ է գործում տեսչութիւնը, այժմ տեսչութիւնը ունի երկու օգնական աբեղաներ՝ Տ. Շնորհք աբղ. Աշըգեանը եւ Տ. Գարեգին աբղ. Շխրտլեանը: Մենք ուսանողներ ունենք Սիրիայից, Լիբանանից, Թեհրանից, Յունաստանից, նաեւ հեռաւոր Մալայզիայից:
Մենք հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ իրենց աշակերտներին ուղարկեն դպրեվանք:
85-ամեակի ծրագրերի շարանում է պաշտօնական մի ձեռնարկ, որի ընթացքում առիթը պէտք է ունենանք՝ լայնօրէն եւ ըստ պատշաճի տօնախմբելու այս ոգեղէն տաճարի 85-ամեակը: Այս յոյսերով ու խոհերով եւ հոգեկան մեծ ուրախութեամբ պէտք է աւետեմ համայն հայութեանը, որ դպրեվանքը հզօր կառոյց է, որովհետեւ այդտեղ կայ Աստծու օրհնութիւնը: Դպրեվանքում ուսանում են շուրջ 60 ուսանողներ, այս տարի ընդունել ենք շուրջ 20 նորեկներ եւ այսպիսով՝ մեր թիւը կը բարձրանայ 80-ի: Շէնքի սահմանափակ լինելու պատճառով՝ 60-ից աւելի աշակերտներ ընդունելու հնարաւորութիւնը չունենք:

Հ.- Որպէս դպրեվանքի տեսուչ, ի՞նչ ակնկալիք կայ Սփիւռքից:
Պ.- Բոլորս կարող ենք նպաստել դպրեվանքին, մէկը գրչով, մէկը մտքով, մէկը կարողութեամբ: Մեր սպասումն է, որ իւրաքանչիւր հայ 85-ամեակի սեմին մի ինչ որ ձեւով նպաստի դպրեվանքին, իսկ մեր ժողովրդի զաւակները ամէն բանից առաջ կարող են աղօթել դպրեվանքի յաջողութեան համար, որովհետեւ սփիւռքեան կեանքում գործող այս ոգեղէն կառոյցը անցնող 85 տարիներին շատ մեծ ներդրում ունեցաւ սփիւռքեան կեանքում: Դպրեվանքը մեզ շնորհել է 4 կաթողիկոսներ, բազմաթիւ եպիտսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, կուսակրօն հոգեւորականներ ու քահանաներ, ազգային գործիչներ եւ մտաւորականներ, երաժիշտներ:

Հ.- Ի՞նչ կասէք Թեհրան այցի կապակցութեամբ:
Պ.- Ես կուզեմ շնորհակալական խօսքս ասել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, որ 5-րդ անգամը լինելով ինձ հրաւիրեց Թեհրան եւ Իրան:
Թեհրանի մէջ առիթ ունեցայ, որ քարոզների եւ հաւաքական զրոյցների միջոցով լինել մեր ժողովրդի զաւակների մէջ:
85-ամեակի սեմին ես առաջին ձեռնարկը համարում եմ սա: Նախքան 85-ամեակը՝ արդէն միջամուխ ենք եղել ձեռնարկների եւ առաջին օղակը կազմակերպել է Թեհրանի հայոց թեմը՝ գլխաւորութեամբ թեմի առաջնորդի: Այցի ընթացքում առիթ ունեցանք խօսել Թեհրանի հայոց դպրոցների կրօնի եւ Կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչների հետ, որ իրենք իրենց հերթին դառնան դպրեվանքի դեսպանները եւ քաջալերեն երիտասարդներին, խօսեն դպրեվանքի կարեւորութեան մասին, որպէսզի իրանահայ համայնքից եւս դպրեվանքին տրամադրւեն փայլուն ուսանողներ, որպէսզի նրանք եւս իրենց ուսումը ստանալով եւ ճանապարհը ընտրելուց յետոյ՝ յետ վերադառնան իրենց ժողովրդին ու համայնքին ծառայելու համար:

Հ.- 85-ամեակի ծրագրերի մասին կա՞յ աւելացնելիք, համեցէք:
Պ.- 85-ամեակի ծրագրերի շարանում, յատկապէս հրատարակչական բաժնում ցանկանում ենք տպագրել աղօթագիրք՝ դպրեվանքի անունով եւ դպրեվանեցիների աղօթքների ամբողջութիւնը:
Տպագրել մի հատոր, որը հաւաքածոյ լինի՝ խոհերի, գաղափարների, մտածումների ու գրութիւնների, որոնք արգասիքն են դպրեվանքի մեծ ուսուցիչների, ազգային գործիչների, նաեւ հայ եւ ոչ հայ մտաւորականների տեսակէտների ու արտայայտութիւնների՝ կապւած դպրեվանքին: Մտադիր ենք տպագրել մէկ այլ գիրք եւս, որ արտացոլի դպրեվանքի 85 տարիների խորհրդանշական պատմութիւնը եւ մեր ժողովրդի կեանքում դրսեւորած նպաստը: Կը յուսանք, որ կարելի լինի տպագրել յիշեալ 3 գրքերը: Դպրեվանքը տպագրում է նաեւ փոքր աղօթագրքեր, էջադիրներ, գրքոյկներ, եւ կը տրամադրւի ժողովրդին, որպէսզի ժողովուրդը դպրեվանքի ճանապարհով հաղորդակցութեան մէջ մտնի Աստծու հետ:

Հ.- Սփիւռքեան գաղթօջախներում հայոց լեզւի եւ կրօնի ուսուցիչների վերապատրաստման հարցով ի՞նչ աշխատանքներ է ծաւալում դպրեվանքը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը:
Պ.- Այդ հարցով ծրագրեր է իրականացրել կաթողիկոսարանը: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի անմիջական հովանաւորութեամբ, կաթողիկոսարանի հայագիտական եւ կրթական գրասենեակը զանազան առիթներով կազմակերպել են հայոց պատմութեան, հայոց լեզւի եւ կրօնի ուսուցիչների սեմինարներ, երիտասարդական յատուկ սեմինար, որոնք կազմակերպւում են զանազան բաժանմունքների կողմից՝ անցնող 20 տարիների ընթացքում:

Հ.- Ինչքան տեղեակ ենք, Բիքֆայայի վանքը վերանւանւել է Ս. Աստւածածին վանք, կը խնդրեմ արտայայտւէք այդ մասին:
Պ.- Անցնող օգոստոսին Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով մատուցւած ս. պատարագի ընթացքում, երբ Արամ Ա կաթողիկոսը իր պատգամն էր յղում աւելի քան հինգհազար հաւատացեալների, որոնք բարձրացել էին Բիքֆայայի վանքը, որպէսզի հաղորդակից դառնան ս. պատարագին եւ օրւայ խորհրդով լցւեն, Արամ Ա Վեհափառ Հայրապետը Բիքֆայայի վանքը վերջնականապէս կոչեց Ս. Աստւածածին վանք: Անցնող տարիների ընթացքում զանազան կոչումներ էր ունեցել Բիքֆայայի վանքը:
Երբեմն կոչւել էր դպրեվանք, Բիքֆայայի վանք, կաթողիկոսութեան ամառանոց կամ Աստւածածին վանք, բայց մեզ համար շատ կարեւոր է, որ Վեհափառ Հայրապետի կողմից լսենք նման յայտարարութիւնը, որ այսուհետեւ Բիքֆայայի բարձունքներում գտնւող Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու վանքը կոչւում է Ս. Աստւածածին վանք:
Շուրջ երեք տարի է, ինչ վանքի ընդարձակման համար աշխատանքներ են ծաւալւում: Ս. Աստւածածին վանքի մէջ են գտնւում՝ դպրեվանքը, Ս. Աստւածածին մատուռը, վեհարանը, հիւրանոցը, կառուցւել է միաբանական նոր շէնք, կառուցւել է նահատակաց խորանը եւ անցնող օգոստոսին օծւեց այդ խորանը, որը նւիրւած է Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն նահատակներին: Բիքֆայայի բարձունքի վրայ է գտնւում նաեւ Ցեղասպանութեան յիշատակը յաւերժացնող յուշարձանը, այլ խօսքով՝ Բիքֆայայի վանքը, որը այսուհետեւ կոչւելու է Ս. Աստւածածին վանք, դարձել է համալիր, որտեղ ներդաշնակութիւն է տիրում հոգեւոր ու ազգային արժէքների միջեւ:
Մեզ համար ուրախութիւն եւ պատիւ է յայտարարելու, որ առաջին անգամը լինելով՝ 2015-ի յուլիսի 18-ին Արամ Ա Վեհափառ Հայրապետը Միւռոնօրհնէքի արարողութիւն է կատարելու Անթիլիասից դուրս, որովհետեւ 1930-ից մինչեւ 2008 թ. Միւռոնօրհնէքը միշտ կատարւել է Անթիլիասի մայր տաճարի կամ կաթողիկոսարանի մէջ:
Առաջին անգամը լինելով՝ Միւռոնօրհնէքի արարողութիւնը կատարւում է կաթողիկոսարանից դուրս, բայց կաթողիկոսարանի հովանու տակ գտնւող մէկ այլ կենտրոնի մէջ՝ Ս. Աստւածածին վանքի մէջ: Ահաւասիկ, կոչ ենք ուղղում մեր հաւատացեալ ժողովրդին, որպէսզի յառաջիկայ տարի 2015-ի յուլիսի 18-ին Լիբանանի մէջ մասնակցեն Ս. Աստւածածին վանքի մէջ տեղի ունեցող Միւռոնօրհնէքի արարողութեանը, որը պէտք է կատարւի Վեհափառ Հայրապետի ձեռամբ:

Հ.- Եթէ վերջում ունէք աւելացնելիք, համեցէք խնդրեմ:
Պ.- ,Շատ տպաւորիչ էր: 2-րդ անգամն է, որ ես մասնակցում եմ այս համագումարին, որը 10-ամեայ անցեալ ունի եւ հովանաւորւում է Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կողմից:
Շատ գեղեցիկ պահեր ապրեցի, տեսնելով մեր ուսուցիչների ծարաւը՝ գիտելիքներ ձեռք բերելու հանդէպ: Իրապէս բացառիկ առիթ էր: Այս համագումարները առիթ էին ինքնաքննութեան եւ վերազարթօնքի, հանդէպ քրիստոնէական հաւատքի եւ հայկական արժէքների:
Վերջում դպրեվանքի տեսուչը իր երախտագիտութեան խօսքն ուղղեց ,Ալիքե օրաթերթին՝ ասելով, որ հարցազրոյցի միջոցով արտացոլեց դպրեվանքի ներկայ աշխատանքները եւ 85-ամեակի գծով տարւող ծրագրերը:
,Տեսուչ նշանակւելուց յետոյ՝ սա իմ առաջին զրոյցն է օրաթերթի հետ: Յուսամ՝ առաւել ծաղկի արդէն ծաղկուն իրանահայ համայնքը եւ թող այս ծաղկուն համայնքը միշտ մնայ կանգունե,- աւելացրեց զրուցակիցը:

Զրուցավար՝
ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ