News

Հաղորդագրութիւն

24 September 2013

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ իր աշխատանքը սկսաւ

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց ժողովը

 

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, սկսաւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց ժողովը` մասնակցութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եպիսկոպոսաց դասի: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին ժամանած էին Հայ Եկեղեցւոյ 75 արքեպիսկոպոսներէն ու եպիսկոպոսներէն 62-ը:

 

Ժողովի բացման արարողութեան ներկայ էր Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսեանը:

 

Ժողովը սկսաւ միասնական Տէրունական աղօթքով: Ապա ժողովականներն աղօթք բարձրացուցին առ Աստուած հոգելոյս Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճեանի, Տ. Արտաւազդ արքեպիսկոպոս Թրթռեանի և Հայ եկեղեցւոյ բոլոր հանգուցեալ սպասաւորներու հոգիներու հանգստութեան համար: Այնուհետև ներկաները ողջունեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հրաւիրեց տիար Սերժ Սարգսեանը` իր ողջոյնի խօսքն ուղղելու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներուն:

 

ՀՀ նախագահի ուղերձէն ետք ժողովականներուն եպիսկոպոսաց ժողովի առիթով դիմեցին Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Նորին Սրբութիւն Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը և Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքական Փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթէշեանը: 

 

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ

 

Ձե՛րդ Սրբություն Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ,

 Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,

 Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

 

Ուրախ եմ գտնվել այստեղ՝ հայոց հոգևոր կենտրոնում, բոլորիս համար նվիրական Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրտանց ողջունում եմ բոլորիդ՝ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, և հատկապես աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիքի բարեբեր հող եկած հոգևոր առաջնորդներին: Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ լավատեղյակ եմ բոլորիդ ազգանպաստ ու հայրենանվեր ձեռնարկումներին և շնորհակալ եմ այդ ամենի համար:

 

Երախտապարտ եմ Ամենայն Հայոց Հայրապետին ինձ հրավիրելու և ողջույնի խոսքով ձեզ դիմելու այս հնարավորության համար: Այստեղ գտնվելով՝ ինչպես և մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ, անհրաժեշտ եմ համարում իմ որդիական սերը, նվիրումը և աջակցությունը մեկ անգամ ևս հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

 

Հայոց պատմության վայրիվերումներին ծանոթ մարդիկ կարող են իրավամբ գնահատել այն կարևորագույն առաքելությունը, որ կատարել և այսօր էլ շարունակում է կատարել մեր Մայր Եկեղեցին: Առաքյալների ջանքերով հիմնադրված այս հոգևոր հաստատության շնորհիվ պետականությունից զրկված և աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժեքների հետ, որոնք սոսնձում են հայոց ինքնությունը:

 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղն այսօր էլ շարունակում է լույս սփռել մեր մեջ, իսկ Հայոց Եկեղեցու սպասավորները շարունակում են իրենց անձնուրաց ծառայությունը՝ հավատարիմ մնալով Սուրբ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և Հայ Եկեղեցու լուսամիտ հայրապետներ Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Վազգեն Առաջինի և մեր մյուս հոգևոր հայրերի պատգամներին:

 

Քսաներկու տարի է, ինչ մենք վերականգնել ենք անկախ հայոց պետականությունը, սակայն հայոց ազգային կյանքում Մայր Եկեղեցու հայապահպան դերակատարությունը շարունակում է մնալ նույնչափ կարևոր: Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտ է ամրացնել այն հոգևոր արժեքները, որոնք մեզ կապում են և դարձնում են միասնական հայ ժողովուրդ:

 

Իր Սահմանադրության ուժով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Մեծագույն հաճույքով գոհունակություն եմ հայտնում պետության և Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության և մեր ազգային խնդիրները լուծելու գործում միմյանց փոխլրացնելու կապակցությամբ:

 

Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

 

Մայր Հայաստանն աշխարհի բոլոր հայերի տունն է, իսկ Մայր Եկեղեցին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի վեմն ու հենասյունը: Դարեր շարունակ Աստվածապաշտ հայ ժողովրդի հայացքն ուղղված է եղել առ Սուրբ Էջմիածին: Հենց այստեղ է բաբախում մեր Մայր Եկեղեցու սիրտը, որը սնուցվում է միլիոնավոր մեր հավատավոր քույրերի ու եղբայրների որդիական սիրով ու աղոթքներով:

 

Այժմ մենք հիրավի դարակազմիկ իրադարձության ականատեսն ենք դառնում: Հանգամանքների բերումով դարեր շարունակ, մասնավորապես վերջին վեց հարյուրամյակների ընթացքում, հնարավոր չի եղել գումարել Հայոց Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողով: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այժմ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու այդ հիմնախնդիրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսինքն՝ մեր հայրենի հողի վրա գումարելով Եպիսկոպոսաց ժողով:

 

Այս իրադարձությունը կարևորագույն ազդակ է մեր հավատավոր ժողովրդին և կոչված է ապացուցելու Մայր Եկեղեցու հավատարմությունը աշխարհասփյուռ հայությանը համախմբելու գործին: Վստահ եմ, որ այս ժողովը կազդարարի նոր առաջընթաց հայոց հոգևոր կյանքում և թույլ կտա համայն հայությանը նոր եռանդով ու լիցքով լծվել ազգային իղձերի իրականացմանը:

 

Այս ժողովի գումարմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թևակոխում է իր պատմության նոր փուլ: Այն հնարավորություն է ստանում գտնելու մեր հոգևոր ու բարոյական կյանքի բազմաթիվ հարցերի պատասխաններ, մեր ժամանակների մարտահրավերներին համապատասխան բարեփոխելու և արդիականացնելու իր աշխատանքը:

 

Գիտեմ, թե որքան ծանրաբեռնված է լինելու ձեր աշխատանքի օրակարգը: Կարծում եմ՝ քննարկվող հարցերից մեկին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել. դա Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու Հայոց երկու Հայրապետների կարևորագույն նախաձեռնությունն է:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր ողջ ժողովուրդը շարունակում է իր ,ոչե-ը հնչեցնել մարդկության դեմ հանցագործություններին: Դա մեր պարտքն է մեր նախնիների, մեր անմեղ զոհերի և ամբողջ մարդկության հանդեպ, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նոր ցեղասպանությունների կրկնությունը: Մեծ է այսօր այս առումով աշխարհասփյուռ մեր ժողովրդի ակնկալիքը նաև Հայ Եկեղեցուց և իր Եպիսկոպոսաց պատվական դասից:

 

Այս օրերին Սիրիայում շարունակվում է կործանարար քաղաքացիական պատերազմը, որը դարձավ սիրիահայ համայնքի ծանրագույն փորձությունը: Սիրիայում կատարվողը մեր ամենամեծ ցավն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ ստեղծված իրավիճակի համար հնարավորինս արագ քաղաքական հանգուցալուծում գտնվի և դադարեցվի արյունահեղությունը մեր բարեկամ երկրում:

 

Քրիստոնեական հավատքը, սերը և բարոյականությունը, մեր դավանանքը աչքի լույսի պես պահելու և պաշտպանելու պատասխանատվությունը օրհնություն է բոլորիս համար: Խորապես համոզված եմ, որ դարեր ի վեր այդ ամենի մարմնավորողն ու իրագործողը մեր ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցին է իր բոլոր Նվիրապետական Աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով: Սա այն հաստատությունն է, որը յուրաքանչյուր հայ պետք է սիրի, փայփայի ու պահպանի՝ իբրև դեպի հավերժություն մեր ժողովրդի մշտագնա ճամփորդության գրավական:

 

Վերահաստատելով ուրախությունս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողովի կապակցությամբ՝ հույս եմ տածում, որ այն նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի:

 

Բոլորիդ մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք:

 

Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստան մեր աշխարհը:

 

Շնորհակալություն: 

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ

 

Մեծարգոյ Նախագահ Հայաստանի Հանրապետութեան,

Ձերդ Սրբութիւն, սիրեցեալ եղբայր ի Քրիստոս,

Գերաշնորհ Հայրեր.

 

Հոգու բերկրութեամբ ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նշանաւոր օր է այսօր բոլորիս համար: Առաջին անգամ Եպիսկոպոսաց ժողով է գումարւում Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եպիսկոպոսաց դասի մասնակցութեամբ, որը, հաւատում ենք, պիտի դառնայ նոր հանգրուան մեր Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորման ճանապարհին:

 

Գոհութիւն և փառք ենք մատուցում Տիրոջը, որ Եպիսկոպոսաց այս ժողովի գումարումով շնորհն է պարգևում Մեզ եղբայրական ոգով Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի և մեր Եկեղեցու եպիսկոպոսաց ողջ դասի հետ քայլելու դէպի եկեղեցական մեր կեանքի զօրացման ու պայծառացման հորիզոններ: Ուրախ ենք, որ Եպիսկոպոսաց ժողովն իր ներկայութեամբ պատւում է Հայաստանի Հանրապետության մեծարգոյ Նախագահ Տիար Սերժ Սարգսեանը` կրկին հաւաստելով Հայ Եկեղեցու առաքելութեանը սատարելու, մեր Եկեղեցու և հայրենի պետութեան յարաբերութիւնները արդիւնաւորելու գործում իր պատրաստակամութիւնը: Ողջունում ենք նաև մասնակցութիւնը ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթէշեանի:

 

Սիրելի հոգևոր հայրեր, այսօր մենք մէկտեղուել ենք հոգևոր-եկեղեցական մեր կեանքի առաւել բարեկարգութեան տեսլականով, որի մարմնաւորման համար կարևոր առաքելութիւն ունի Եպիսկոպոսաց ժողովը` ի մասնաւորի ծիսական, կանոնական և դաւանաբանական հարցերի ուսումնասիրման և սահմանումների բանաձևման գործում: Եպիսկոպոսը Աստծոյ տնտեսն է, ասում է սուրբ Պօղոս առաքեալը (Տիտ. 1.7), և «խնամ տանի Եկեղեցւոյ, որ է քաղաք Աստուծոյ», հաւելում է սուրբ Գրիգոր Տաթևացի մեծ վարդապետը: Այս պատասխանատուութեամբ Եպիսկոպոսաց սոյն ժողովը  պիտի քննարկի և որոշումներ կայացնի Մկրտության ծէսի և սրբադասման կանոնի և այս համատեքստում` Հայոց Ցեղասպանութեան զոհերի սրբադասման օրակարգային հիմնական հարցերի վերաբերեալ: Մկրտութեան ծէսի միօրինակութեան ապահովման և Սրբադասման կանոնի հաստատման ուղղութեամբ հետևողական աշխատանք են իրականացրել Ամենայն Հայոց Հայրապետութեան և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համատեղ յանձնախմբերը` հանգամանալից կերպով ուսումնասիրելով պատմական հիմքերը, ներկայ իրավիճակն ու ժամանակի պահանջները, նաև` հավատացեալ մեր հօտի ակնկալիքները: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Կանոնական, Սրբադասման և Ծիսական յանձնախմբերի ատենապետերին և անդամներին` իրենց նախանձախնդիր աշխատանքի համար: Ժողովը կարևորութեամբ անդրադարձ է կատարելու նաև մեր Սուրբ Եկեղեցուն յուզող այլ խնդիրների ու մարտահրաւէրների:

 

Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինը և հաւատացելոց հաւաքականութիւնը լինելով, նաև ժամանակների մեջ գործող կառոյց է և իր առաքելութեան ճանապարհին զգում է բարեկարգման և բարեփոխումների անհրաժեշտութիւնը: Պատմութեան մեջ մեր Հայրենիքի տրոհումները, քաղաքական բարդ հանգամանքներում մեր ժողովրդի համար ստեղծուած դժուարին կացութիւնները, աղէտները, կոտորածներն ու ցեղասպանութիւնը, աստուածմերժութեան խորհրդային տարիները թոյլ չեն տուել ըստ անհրաժեշտութեան զբաղուելու եկեղեցական բարեկարգութեան հարցերով: Գտնուելով տարբեր պետութիւնների կազմում` մեր Եկեղեցու Նուիրապետական Աթոռները գործել են յաճախ տարբեր, երբեմն` պարտադրուած կանոնակարգերով: Օսմանեան կայսրութեան տիրապետության ներքոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Կոստանդնուպոլսի և Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնները առաջնորդուել են Ազգային Սահմանադրութեան դրոյթներով, իսկ Ռուսական կայսրութեան իշխանութեան ներքոյ Ամենայն Հայոց Հայրապետութիւնը` Պօլօժէնիայով: Մեր Եկեղեցու կեանքը և վարչական գործունէութիւնը ներազդուել են այս պայմաններից` տեղի տալով յաճախ տարակարծութիւնների ու շփոթմունքների: Աննպաստ այսպիսի իրավիճակներում բարեկարգման ծրագրերը, որոնք մեր Եկեղեցու կեանքում օրակարգային են աւելի քան մէկ դար, յետաձգուել են կամ միայն մասամբ կարգաւորուել: Խորհրդային իշխանութեան տարիներին Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջև ստեղծուած լարուած յարաբերութիւնները, որ հանգեցրին պառակտման և վարչական բաժանումի, նոյնպես պատճառ հանդիսացան բարեփոխումների գործընթացի յապաղման: Այսօր անկախ է մեր Հայրենիքը, և Եկեղեցին ազատ գործելու և բարեփոխումներ իրականացնելու մեծ հնարավորութիւններ ունի` յաղթահարելու համար մեր առջև ծառացած համաեկեղեցական հիմնախնդիրները:

 

Գոհութիւն Աստծոյ, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին այսօր ի սփիւռս աշխարհի հոգևոր վերազարթօնք է ապրում: Մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կեանքը վերընձիւղւում է, խմորւում Աւետարանի լոյսով` ամրօրէն խարսխուելով հայրերի հաւատքի, սրբազան աւանդութեան, կրօնական իմացութեան ու գիտելիքի վրայ: Ձեռքբերումներ ունենք հոգևորականների ուսեալ նոր սերնդի պատրաստման, եկեղեցաշինութեան, Աւետարանի քարոզութեան զօրացման, քրիստոնէական կրթութեան ու դաստիարակութեան առաքելութեան մէջ: Այս յաջողութիւններով հանդերձ մեր առջև յառնած են ներեկեղեցական չլուծուած բազում հարցեր, ինչպէս նաև` խնդիրներ, որոնք հետևանք են եկեղեցական իրաւունքի, մեր Եկեղեցու կանոնական սկզբունքների վրա հիմնուած օրէնքների ու կանոնադրութիւնների բացակայութեան, ինչը շատ անգամ տեղիք է տալիս թիւրըմբռնումների ու կամայականութեան դրսևորումների` դժուարացնելով ու բարդացնելով ցանկալի առաջընթացը եկեղեցական մեր կեանքի: Մեր Սուրբ Եկեղեցու գործունեութիւնն ու կեանքը կանոնակարգելու համար անհրաժեշտ պայման է կանոնաւորապէս գործող դարձնել համաեկեղեցական-ժողովական մարմինները և ստեղծել սահմանադրութիւն` եկեղեցական կառոյցների, Նուիրապետական Աթոռների իրաւասութիւնները, գործունէութիւնն ու փոխյարաբերութիւնները սահմանող:

 

Մեր Եկեղեցու կեանքը վերելքի պիտի առաջնորդեն նաև` ծիսա-արարողական ոլորտի բարեփոխումները, հոգևոր-կրթական և քրիստոնէական դաստիարակութեան ասպարէզներում` ուսուցման արդիւնաւէտ միջոցների ու կերպերի կիրառումը, մեր հայրերի գործերի, ինչպես նաև` արդիական մտածողութեամբ մեր Եկեղեցու վարդապետութեանը հարազատ աստուածաբանական նոր աշխատութիւնների հրապարակումը: Ժամանակի հետ մեր Եկեղեցու ընթացքը համաքայլ պահելու և մեր ժողովրդին յստակ կողմնորոշում ապահովելու համար հարկ է մշակել և հաստատել ընկերային, բարոյական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների, գիտական նորարարութիւնների, գլոբալիզացիայի և նրանից ծագող երևոյթների վերաբերեալ Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը: Տեղեկացնենք, որ այս նպատակով ամիսներ առաջ Մայր Աթոռում հաստատել ենք առանձին գրասենեակ: Եկեղեցին յուզող խնդիրների և անհրաժեշտութիւնների շարքում կ’ուզենք յաւելել նաև, որ շարունակում են խիստ պահանջ մնալ նոր սերնդի հոգևորականաց պատրաստութիւնը, եկեղեցիների կառուցումը, մեր հնագո|յն վանքերի ու եկեղեցիների նորոգութիւնը և վանական կեանքի կազմակերպումը: Այս ամէնի իրագործման համար անհրաժեշտ են ազգիս համատեղ ջանքերը` հաւատացեալից, հովուից մինչ հովուապետ:

 

Հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելութեամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու դերը իրապէս բացառիկ է մեր ժողովրդի կեանքում, որը վկայուած է պատմութեամբ և այսօր արդարօրէն ամրագրուած Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մեջ: Մեր Եկեղեցին ներշաղախ տիրաւանդ իր կոչմանը` դարերի բովում առկայծ է պահել մեր ժողովրդի հոգում ազատութեան սէրը, հայրենի պետականության տեսիլքը` հանդիման բազում վտանգների ու նեղութիւնների: «Վասն հաւատոյ»ն եղել է նաև «վասն հայրենեաց» ու դարձել խորհուրդը մեր ինքնութեան և յարատևութեան: Այս գիտակցութեամբ ու ոգով, ինչպէս անցեալում, այնպէս և այսօր, մեր Եկեղեցին ամէն կարելիութեամբ մասնակից է հայրենի պետականաշինութեան նուիրական գործին: Այսօր բարեփոխման ընթացքների հետ Հայրենիքում տակաւին առկայ են հոգսեր, դժուարութիւններ: Հայրենաբնակ մեր ժողովուրդը դեռևս շարունակում է ապրել շրջափակման և փխրուն խաղաղութեան պայմաններում: Դեռ չեն յաղթահարուել աղքատութիւնն ու գործազրկութիւնը, մտահոգիչ է արտագաղթը: Այս հրամայականների առջև պարտքի ու պատասխանատւութեան մեր բաժինն ունենք` համախմբելու մեր ժողովրդին ու նեցուկ լինելու մեր պետութեանը դժուարին խնդիրների լուծման գործում: Եկեղեցական մեր կառոյցների  առաւել կազմակերպմամբ և միասնական աշխատանքով աւելի պիտի զօրանայ մեր Եկեղեցու գործունէութիւնը, և կարող պիտի լինենք ի Հայրենիս և ի Սփիւռս լիովին վեր հանել մեր ժողովրդի ներուժը` ի խնդիր մեր երկրի առաջընթացի ու զարգացման, տնտեսական, ընկերային դժուարութիւնների յաղթահարման և Սփիւռքում բարձրացող հրամայականների դիմագրաւման: Հայրենիք-Սփիւռք միասնականութեամբ հզօր, ամուր, անխոցելի պիտի լինի մեր Հայրենիքը, առաւել պաշտպանուած, ինքնավստահ և կենսունակ` հայ Սփիւռքը: Հայրենիք-Սփյուռք միասնականութեամբ արգասաւոր պիտի լինեն մեր ջանքերը միջազգային ասպարէզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման և Հայոց Ցեղասպանութեան դատապարտման, որի 100-ամեայ տարելիցի ոգեկոչումը պիտի դարձնենք արդարութեան և պահանջատիրութեան զօրեղ կոչ ողջ աշխարհին: Հայրենիք-Սփիւռք միասնականութեամբ ի զօրու պիտի լինենք դիմակայելու մեր ազգին պատուհասող փորձութիւններին, դժուարութիւններին ու նեղութիւններին, ինչպիսիք այսօր ծառացել են մեր ժողովրդի կեանքում Մերձաւոր Արևելքում, մասնաւորապէս` Սիրիայում: Շարունակուող հակամարտութեան հետևանքով սիրիահայութիւնը այսօր էլ կրում է մեծ նեղութիւններ ու ծանր կորուստներ: Խաղաղության հայցով առ Տէրը, կրկին Մեր յորդորն ենք բերում թեմակալ առաջնորդներին` հաւատաւոր մեր զավակների հետ ամէն կարելիութեամբ աջակցել և սատարել սիրիահայ մեր եղբայրներին ու քոյրերին` քաջալեր պահելու նրանց ոգին` դժուարութիւնները յաղթահարելու համար:

 

Մեր միասնականութեան բարի արդիւնքներով շէն ու պայծառ պիտի պահենք Սփիւռքի հայ կեանքը, որի խնդիրներին Ձեզանից շատերը քաջատեղեակ են` անձնապէս կրելով այդ մտահոգութիւնները: Այսօր յաճախ ենք խօսում հայ դպրոցի տկարացման, հայոց լեզուի իմացութեան նահանջի, հոգևոր և ազգային կեանքում երիտասարդութեան ներգրաւուածութեան նուազման մասին, որոնք ահագնացնում են ուծացման ընթացքները: Այսօր, երբ ունենք մեր անկախ պետականութեան քաջալերող իրականութիւնը, երբ ցեղասպանութիւնը վերապրած մեր ժողովրդի զաւակները Սփիւռքում այլևս իբրև յարգուած ու վստահելի քաղաքացի` իրենց արդար վաստակով ստեղծել են հոգևոր և ազգային կառույցներ ու հաստատություններ, պիտի ջանանք ազգային-եկեղեցական մեր կեանքը աւելիով դարձնել հարազատ աշխարհ մեր զաւակաց համար: Մեր Եկեղեցին առաւել արդիւնաւէտութեամբ պիտի ծառայեցնի այդ հնարավորութիւնները մեր ժողովրդին հաւատքով, ազգային գիտակցութեամբ, մայրենի լեզուի հանդէպ նախանձախնդրութեամբ կենսունակ պահելու գործին: Հոգևոր արժէքներով ներշաղախ ազգային կեանքի մեջ մեր ժողովուրդը, մասնաւորապէս` երիտասարդութիւնը, պիտի գտնի իր հարցերի պատասխանները, Աստծուն հաւատարիմ իր անսայթաք ուղին, իր երջանկութիւնը և պիտի շարունակի ապրել ազգային ինքնութեամբ` իր ուժերը, իր տեսիլքները բազմապատկելով մեր ազատ Հայրենիքից առնուող զօրութեամբ:

 

Քսանմէկերորդ դարը գիտատեխնիկական առաջընթացի ու նուաճումների հետ բերել է նաև բարոյական արժէքների անկում, մարդու իրաւունքների ճիշդ ընկալման աղճատում, ազգային ինքնութեան և ընտանեկան արժէքների խաթարում, որոնցից, ցաւօք, զերծ չմնաց նաև ազգային մեր կեանքը, ինչպէս Հայրենիքում, այնպես և` Սփիւռքում: Դարի հոգեզուրկ ընթացքներին, աշխարհայնացման, համահարթեցման վտանգներին պիտի կարողանանք դիմագրաւել մեր ժողովրդի և յատկապէս` երիտասարդութեան հոգում քաջարթուն պահելով սէրը, վստահութիւնը հանդէպ մեր Սուրբ Եկեղեցին, նախանձախնդրութիւնը հանդէպ մեր հայրերի սուրբ հաւատքը և ազգային աւանդները: Մեր Եկեղեցին, իբրև Տիրոջ շնորհաց առատաբուխ աղբիւր, պիտի ոռոգի մեր կեանքի անդաստանները, հոգևոր լոյսով նորոգի ու պայծառացնի բարեպաշտ հոգին մեր ժողովրդի և հաստատուն պահի  արդարութեան, ճշմարտութեան, մարդասիրութեան արժէքների մեջ, որոնցով պիտի բարգաւաճեն, բարիով ու բարիքով լցուեն մեր երկիրն ու համայն հայ կեանքը: Մեր առաքելութիւնը մէկն է` հովուել և առաջնորդել մեր ժողովրդին դէպի փրկութիւն, պահպանել Աստծոյ և հայրենեաց սիրոյ մեջ, որպէսզի ապրենք և յարատևենք իբրև Տիրոջ սեփական և ընտրեալ ժողովուրդ ու Եկեղեցի:

 

Սիրելի հոգևոր հայրեր, ահա եկեղեցական ոլորտում և ազգային կեանքում այն խնդիրները և գործունէութեան առաջնահերթութիւնները, որ ցանկացանք առանձնացնել, և որոնց վճռումն ու իրականացումը մեր Եկեղեցին Աստծոյ օրհնութեամբ պիտի առաջնորդեն լիաշունչ և արգասաւոր առաքելութեան: Մեր ժողովուրդը մեզ հետ է Հայ Եկեղեցու հանդէպ իր անխախտ նուիրումով, Եկեղեցին զօրացնելու ջերմ զգացումով, և մեր ջանքերը արձագանք պիտի գտնեն հաւատցեալ մեր զաւակների հոգում` աջակցութիւն բերելու պատրաստակամութեամբ:

 

Առ Աստուած աղօթքով հայցում ենք Սուրբ Հոգու առաջնորդութիւնը Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքներին և բերում առաքեալի յորդորը. «Եղբայրներ, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ` արդարութեամբ, ինչ որ` սրբութեամբ, ինչ որ` սիրով,... այն խորհեցէք:... Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ» (Փիլիպ. 4.8-9):

 

Թող Տէրը խաղաղութիւն պարգևի աշխարհին, պատերազմական դժվարութիւններ կրող ժողովուրդներին, Իր բարի հայեացքի ներքոյ անխռով պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրն ու աշխարհասփիւռ մեր ժողովրդին, անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին` Նուիրապետական Աթոռներով ու սպասաւորներով, պարգևելով հոգևոր առաջընթաց ու բարօրութիւն:

 

Բարի ընթացք մեր աշխատանքներին:    

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՊԱՏԳԱՄԸ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻՆ

24–27 Սեպտեմբեր 2013

Ս. Էջմիածին

 

Հայրապետական օրհնութեամբ ու քրիստոնէական ջերմ սիրով կ’ողջունենք Հայաստանի Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Տիար Սերժ Սարգսեանը: Եղբայրական ջերմ սիրով կ’ողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական օրհնութեամբ ու հայրական ջերմ սիրով կ’ողջունենք հայ եկեղեցւոյ Գերաշնորհ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, որոնք հաւաքուած են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ հրաւէրով երկու Վեհափառ Հայրապետներուն, անոնց օրհնութեամբ ու ներկայութեամբ միասնաբար աղօթելու, միասնաբար խորհրդակցելու եւ որոնելու հայ եկեղեցին դէպի ներքին բարեկարգութիւն առաջնորդող ազդու միջոցներն ու ճիշդ ճամբաները:

 

Արդարեւ, պատմական կարելի է որակել եպիսկոպոսաց ներկայ ժողովը. պատմական՝ մեր եկեղեցւոյ ամբողջականութիւնը ներկայացնող իր հանգամանքով, պատմական՝ բազմազան ու այլազան մարտահրաւէրներով լեցուն մեր եկեղեցւոյ ու ժողովուրդի կեանքի ներկայ վճռական հանգրուանին իր կայացումով, պատմական՝ մանաւանդ իր առաջադրած վեհ նպատակով: Արդ, ա՛յս պատասխանատուութեամբ ու նախանձախնդրութեամբ հարկ է մօտենալ ներկայ ժողովին: Մեր եկեղեցւոյ ու ժողովուրդի հաւաքական կեանքին մէջ փայլուն նոր էջ մը բանալու յանձնառութեամբ հարկ է մասնակից դառնալ Եպիսկոպոսաց Ժողովի աշխատանքներուն:

 

Եօթերորդ դարուն Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոս Վարդավառի տօնին խորապէս կը վրդովի ի տես եկեղեցիէն ներս կատարուող աններդաշնակ ծիսակատարութեան: Այս դառն փորձառութիւնը, Հայրապետը կը մղէ գումարելու Դուինի երկրորդ ժողովը, 648–ին, եւ հաստատելու շարք մը կանոններ հայ եկեղեցւոյ ծիսական, բարոյական ու դաւանաբանական մարզերուն առնչուած: Եթէ այսօր Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոսը երկինքէն իջնելով շրջէր մեր եկեղեցիներէն ներս, վստահաբար դա՛րձեալ պիտի ընդվզէր տեսնելով մեր եկեղեցւոյ պարզած վատառողջ վիճակը...:

 

Պատմութեան ընթացքին մեր հայրապետներուն կողմէ եղան բազմաթիւ նախաձեռնութիւններ հայ եկեղեցին բարեկարգելու առաջնորդող: Մեր եկեղեցւոյ պատմութիւնը լեցուն է եկեղեցւոյ կեանքի զանազան բնագաւառներուն առնչուած կանոններով, սկզբունքներով եւ ուսուցումներով: Սակայն այնքան արմատական ու արագ փոփոխութիւններ տեղի ունեցան ընկերութեան կեանքին մէջ, որ այսօր, փաստօրէն հսկայ վիհ մը գոյացած է մեր հայրերու հաստատած կանոններուն ու ներկայ ժամանակներու մտահոգութիւններուն ու մարտահրաւէրներուն միջեւ: Մեր պատմութեան վերջին դարերու պայմանները, երբ մեր ժողովուրդին ու հայրենիքին գոյութիւնը խնդրոյ առարկայ դարձած էր, չներեցին, որ մեր եկեղեցին լծուի բարեկարգչական ծրագրուած ու համապարփակ աշխատանքի: Այսօր, հազար փառք կու տանք Աստուծոյ, որ մեզի այս եզակի պատեհութիւնը ընծայեց երկու Վեհափառ Հայրապետներուն նախաձեռնութեամբ ու առաջնորդութեամբ եւ մեր եկեղեցւոյ եպիսկոպոսներուն մասնակցութեամբ լծուելու ծիսական բարեկարգութեան  այնքան հրամայական գործընթացքին:

 

Ի՞նչ կը հասկնանք «բարեկարգութիւն» ըսելով.– սոսկ անցեալի աւանդութեանց վերականգնո՞ւմը, մեր եկեղեցւոյ ծիսական կարգին վերադասաւորո՞ւմը կամ կրճատո՞ւմը, լոկ լեզուի փոփոխութի՞ւնը, եւ կամ ծիսական նոր համակարգի մը հաստատումը՝ մեր կեանքին ներկայ դրուածքին պատշաճող: Հարցադրումներ, որոնք պէտք է կատարուին իրապաշտ մօտեցումով. հարցեր, որոնք պէտք է քննարկուին քննական ոգիով Եպիսկոպոսաց Ժողովի ծիրէն ներս:

 

Մեր հայեցողութեամբ, բարեկարգութիւնը ըստ էութեան պէտք է ըմբռնել որպէս եկեղեցւոյ կեանքին ու մտածողութեան, վկայութեան ու առաքելութեան վերարժեւորումը, վերանորոգումը ու վերակենսաւորումը: 1961–ին Կաթոլիկ եկեղեցին գումարեց Վատիկանի Երկրորդ Ժողովը՝ եկեղեցին նոր ժամանակներու պատշաճեցնելու ու բարեկարգելու (Յովհաննէս 23 Պապին բառով՝ աճիօրնամէնթօ) առաջադրութեամբ: Արդարեւ, եկեղեցին կը վերածուի թանգարանի, եթէ չվերանորոգուի: Եկեղեցւոյ բարեկարգութիւնը ու վերանորոգումը պէտք է սկսի ծէսով, որովհետեւ եկեղեցւոյ կեանքի բոլոր տարածքներուն, բնագաւառներուն ու արտայայտութիւններուն մէջ, ներառեալ եկեղեցւոյ աստուածաբանական մտածողութիւնը ու դաւանաբանական ուսուցումները, ծէսը կեդրոնական տեղ ու առանցքային դեր ունի:

 

Անհրաժեշտ է սակայն, որ մեր եկեղեցւոյ ծիսական կեանքը բարեկարգելու ձգտող մեր աշխատանքը կատարուի մեր եկեղեցւոյ ինքնահասկացողութեան խորքին վրայ: Արդարեւ, ոմանք հայ եկեղեցին կը նկատեն լոկ հոգեւոր կառոյց, ուրիշներ՝ ազգային հաստատութիւն: Աշխարհականներու գործօն ներկայութիւնը մեր եկեղեցիէն ներս ոմանք տարօրինակ կը գտնեն, ուրիշներ՝ բնական. ոմանք հոգեւորականներու ազդու դերակատարութիւնը կը նկատեն դրական, ուրիշներ՝ անընդունելի: Այս հակադիր մօտեցումները տեսական կամ պարագայական չեն: Անոնք սերտօրէն առնչուած են մեր եկեղեցւոյ պատմական զարգացման հոլովոյթին: Այսպէս, Արեւելեան Հայաստանի  մէջ, պոլոժէնիայի հաստատումով եւ հետագայ քաղաքական պայմաններու յառաջացումով, մեր եկեղեցւոյ կեանքին ու առաքելութեան մէջ հոգեւորականը գրաւեց առանցքային տեղ: Իսկ Կիլիկիոյ մէջ, Ազգ. Սահմանադրութեան հաստատումով եւ սփիւռքեան բոլորովին տարբեր պայմաններու ստեղծումով եկեղեցւոյ կեանքին մէջ աշխարհական դասը դարձաւ կարեւոր ներկայութիւն:

 

Հայ եկեղեցւոյ ինքնահասկացողութեան այս տարբեր շեշտաւորումները, որոնք նաեւ ձեւաւորեցին տարբեր գործելակերպեր ու մտածելակերպեր, անհրաժեշտ է որ ներդաշնակուին պատմութեան ընթացքին կազմաւորուած մեր եկեղեցւոյ հարազատ ինքնաճանաչման հետ, որ իր մէջ կը պարփակէր մեր ժողովուրդի ամբողջականութիւնը՝ հոգեւորականը ու աշխարհականը իրենց իւրայատուկ դերերով: Այս իրողութենէն մեկնելով Հայ եկեղեցւոյ բարեկարգչական բոլոր ժողովներուն, հոգեւորականներու կարգին իրենց մասնակցութիւնը բերած են նաեւ մտաւորականներ, նախարարներ ու նոյնիսկ զօրավարներ: Հետեւաբար, մեր ժողովուրդի զաւակներուն մասնակցութիւնը ներկայ գործընթացքին, յատկապէս երբ մեր ժողովուրդին կեանքին հետ անմիջականօրէն աղերս ունեցող հարցերու քննարկումը կը կատարուի, կը նկատենք հրամայական: Մեր ժողովուրդը իր եկեղեցին յուզող հարցերուն նկատմամբ ըսելիք եւ ընելիք ունի, պէտ է ունենայ: 

 

Մեր խորհրդակցութիւններուն ընթացքին անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ հետեւեալ կաեւոր երեւոյթը: Պայմաններու պարտադրանքով, մեր եկեղեցւոյ հաստատութենական ու վարչակազմակերպչական երեսը աւելի շեշտուեցաւ՝ ի հեճուկս անոր ժողովրդակեդրոն նկարագրին ու ազգային դերը լուսարձակի տակ առնուեցաւ՝ ի հեճուկս անոր հոգեւոր միջուկին: Անկասկած, ընկերութեան կեանքին մէջ ինքզինք արտայայտող եկեղեցին կարիքը ունի վարչակազմակերպչական դրութեան, ինքնարտայայտման կերպերու ու իր գոյատեւումը ապահովող կառոյցներու: Սակայն եկեղեցին իր էութեամբ հոգեւոր ու բարոյական արժէքներով ու ճշմարտութիւններով շաղախուած ժողովուրդի համայնական կեանքն է: Եկեղեցի շինելը բնականաբար կարեւոր է, սակայն եկեղեցի դառնալը շատ աւելի կարեւոր է: Հո՛ս է եկեղեցւոյ գոյութեան պատճառը, անոր առաքելութեան կիզակէտը: Հետեւաբար, եկեղեցւոյ կեանքին առնչուած ոեւէ մէկ դրութիւն, կառոյց կամ երեւոյթ, ներառեալ ծէսը ինքնակեդրոն ու ինքնանպատակ չէ: Եկեղեցւոյ ինքնաարտայայտութեան կերպերը պէտք չէ շփոթել եկեղեցւոյ կոչումին հետ:  Եկեղեցին աստուածատուր առաքելութիւն է իր գոյութեամբ ու էութեամբ, իր ծառայութեամբ ու կոչումով: Մեր եկեղեցւոյ առաքելութեան մէջ հոգեւոր ու ազգային տարածքները պէտք է սերտօրէն ներդաշնակուին: Մեր աշխատանքին յստակ նպատակը պէտք է ըլլայ եկեղեցւոյ առաքելութիւնը վերակենսաւորել ու զայն մեր ժողովուրդի կեանքին մէջ կենսագործել: Այս հեռանկարով կ’ուզենք ձեր ազնիւ ուշադրութեան յանձնել հետեւեալ կէտերը.–

 

1) Անհրաժեշտ է Եպիսկոպոսաց Ժողովը վերածել հաւաքական գործընթացքի, ո՛չ սոսկ հերթական նիստեր գումարող մնայուն կառոյցի, հարկ եղած պարագային մասնակցութեամբ նաեւ մեր եկեղեցւոյ նուիրապետական այլ աստիճաններու պատկանող հոգեւորականներուն, նո՛յնիսկ աշխարհական մասնագէտներուն՝ համաձայն քննարկուելիք նիւթերու բնոյթին ու տարողութեան: Յիշեալ գործընթացքին հիմնական աշխատանքը պէտք է կատարուի մասնագիտական յանձնախումբերու կողմէ, ուր ուսումնասիրութիւններու ու քննարկումներու կողքին յատուկ տեղ պէտք է յատկացուի մեզ շրջապատող ներկայ պայմաններէն եկող մտահոգութիւններուն ու մարտահրաւէրներուն:

 

2) Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ հայ եկեղեցւոյ անցեալի աւանդութիւններուն՝ միաժամանակ զանոնք դարձնելով համահունչ ներկայ ժամանակներուն: Աւանդութիւնը եկեղեցւոյ կեանքին մէջ  կենսական է. ան ժողովուրդի մը ներքին ապրումներուն ու ձգտումներուն արտայայտութիւնն է, ուր մշակոյթը ու միջավայրը բնականաբար իրենց կարեւոր դերը ունին: Ձեր հայրերու աւանդութիւնը պինդ բռնեցէք (2 Թես. 2. 15), կ’ըսէ Առաքեալը: Հետեւաբար, հարկ է ըլլալ աւանդապահ սակայն ո՛չ աւանդամոլ: Անհրաժեշտ է մեր աւանդութիւնները վերանորոգել ու ձեւաւորել այնպիսի կերպով, որ դառնան ներդաշնակ  մեր ներկայ իրականութեան:

 

3) Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ համաքրիստոնէական արժէքներուն, սկզբունքներուն ու աւանդութիւններուն՝ միաժամանակ ըլլալով նախանձախնդիր հայ եկեղեցւոյ իւրայատուկ ինքնութեան: Ա՛յս սկզբունքէն մեկնելով իրենց ուղղութիւնը առած են մեր եկեղեցւոյ բոլոր բարեկարգչական շարժումները, մեր հայրերու որդեգրած դաւանաբանական կեցուածքները եւ ծաւալած աստուածաբանական երկխօսութիւնները օտար եկեղեցիներուն հետ: Ներկայ ժամանակներուն, երբ մեր եկեղեցին ամէնօրեայ յարաբերութեան մէջ է այլ եկեղեցիներու հետ, անհրաժեշտ է որ մեր եկեղեցւոյ ծիսական, աստուածաբանական ու դաւանաբանական մարզերուն առնչուած իւրայատկութիւնները պահենք անխախտ, միաժամանակ ամուր պահելով մեր համաքրիստոնէական արմատները:

 

4) Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ հայ եկեղեցւոյ ամբողջականութեան ու միութեան անվթար պահպանման՝ միաժամանակ ոչ–հիմնական հարցերուն գծով զգայնութիւն ու ճկունութիւն ցուցաբերելով տեղական իւրայատուկ պայմաններուն նկատմամբ: Այսօր երբ մէկը շրջագայի մեր եկեղեցիներէն ներս, ինքզինք դէմ յանդիման պիտի գտնէ ակնյայտ հակասութիւններու ու տարբերութիւններու՝ յատկապէս արարողական ձեւերուն, ծիսական աւանդութիւններուն ու երաժշտական եղանակներուն կապուած: Արդարեւ, տասնամեակներու ընթացքին իւրաքանչիւր Նուիրապետական Աթոռ, իւրաքանչիւր առաջնորդ, նոյնիսկ իւրաքանչիւր ծխատէր քահանայ իր «բարեկարգութիւն»ը կատարած է, եւ ընդհանրապէս պարագայական կերպով, այսպէս ստեղծելով խառնաշփոթ կացութիւն մեր եկեղեցիէն ներս: Հայ եկեղեցւոյ աշխարհացրիւ ներկայութիւնը եւս իր ժխտական հետեւանքները ունեցած է այս ուղղութեամբ: Արդ, անհրաժեշտ է կատարել յստակեցում, սրբագրում, դասաւորում ու զտում՝ մեր եկեղեցւոյ ամբողջականութիւնը վերաշեշտող:

 

Յաջողութեան ճամբան կը սկսի ինքնաքննադատութեամբ: Մեր վէրքերը ճիշդ տեսնելու եւ ցաւերը ճիշդ զգալու  քաջութիւնը պէտք է ունենանք: Սակայն, սիրելի՛ Սրբազան հայրեր, միաժամանակ պէտք է ըլլալ իրապաշտ: Հայ եկեղեցւոյ ծիսական կեանքէն ներս խոր արմատներ նետած թերութիւններու սրբագրումը, ինչպէս նաեւ հինին վերանորոգումը կը կարօտի երկար, տքնաջան ու հետեւողական աշխատանքի: Եպիսկոպոսաց ժողովին կողմէ կատարուելիք աշխատանքէն շատ աւելի դժուար պիտի ըլլայ առնուած որոշումներուն գործադրութիւնը թեմական եւ ծխային մակարդակներու վրայ: Հետեւաբար, դիւրին աշխատանքի չէ որ կը ձեռնարկենք: Պէտք չէ սակայն յուսալքուինք: Սուրբ Հոգւոյ ներգործութեամբ զօրացած, մեր եկեղեցւոյ առաքելութեան նկատմամբ մեր ունեցած յանձնառութեամբ ամրապնդուած ու եղբայրական ջերմ սիրով գօտեպնդուած միա՛սնաբար պիտի լծուինք այս նուիրական աշխատանքին՝ վերանորոգ հաւատքով եւ բարձրագոյն աստիճանի պատասխանատուութեամբ: Ա՛յս կը սպասէ մեզմէ մեր եկեղեցին: